Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տասնյակ կողմնակիցներ ձիերով ու ուղտերով մտել են Կահիրեի կենտրոնական Թահրիրի հրապարակ, որտեղ շարունակվում են բախումները ընդդիմադիր ցուցարարների հետ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ականատեսներից մեկը:
«Իրավիճակը ծայրահեղ լարված է եւ ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, Թահրիրի հրապարակում Մուբարաքի ռեժիմի հազարավոր կողմնակիցներ ու հակառակորդներ քարեր են նետում միմյանց ուղղությամբ, կռվում փայտերով: Տուժել են տասնյակ մարդիկ:
Թահրիրի հրապարակ են ժամանում ռեժիմի կողմնակիցների նոր խմբեր, որոնք շատ վճռական են տրամադրված:
Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը Մուբարաքը Ազգային հեռուստատեսությամբ հանդես է եկել ուղերձով, բնակչությանը խոստանալով շարունակել կառավարել մինչեւ իր ժամկետի ավարտը (2011-ի սեպտեմբերի 11-ը), իրականացնել արմատական բարեփոխումներ, որոնց մասին հայտարարում է ընդդիմությունն ու ցուցարարները:
Չնայած այդ խոստումներին, իրավիճակը Եգիպտոսում մնում է ծայրաստիճան լարված, ընդդիմադիրների մեծ մասը շարունակում է պահանջել Մուբարաքի հրաժարականը:
Միաժամանակ, փողոց են դուրս եկել երկրի նախագահի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: Նրանք հավաքվելու հիմնական վայրը դարձել է Մուստաֆա Մահմուդի հրապարակը, որը երկրորդն է իր մեծությամբ Թահրիրից հետո:





























