Բոլոր այն ուժերը, որոնք գտնվում են Սիրիայում առանց Դամասկոսի հրավերի, պետք է լքեն երկիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ի վերջո, պետք է դուրս բերվեն բոլոր օտար ուժերը, որոնք այնտեղ են գտնվում առանց սիրիական կառավարության հրավերի»,- ասել է Լավրովը լրագրողներին:
Բոլթոնը, ով օգոստոսի 23-ին Ժնեւում հանդիպում կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, հայտարարել էր Մոսկվայի հետ Սիրիայի հակամարտության կարգավորման ասպեկտներ քննարկելու իր պատրաստակամության մասին, սակայն՝ այդ երկրից իրանական ուժերի դուրսբերման պայմանով: «Մենք կտեսնենք, թե մենք եւ մյուսները ինչի շուրջ կարող ենք համաձայնության գալ Սիրիայում հակամարտության կարգավորման առումով: Սակայն նախապայման է հանդիսանում բոլոր իրանական ուժերի դուրսբերումը Իրան»,- ասել էր Բոլթոնը:





























