Մենք անվերապահ որեւէ մեկին չենք աջակցել եւ չենք էլ պատրաստվում աջակցել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է՝ ընդհանրապես կռապաշտությունը վատ բան է։

Դաշնակցությունը, նրա խոսքով, անվերապահ պաշտպանում է արժեհամակարգը: «Մենք ասել ենք՝ միշտ ունենք մեկ մոտեցում. համագործակցում ենք ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մոտեցումներն ու նպատակները, վերջացավ։ Ով ուզում է լինի»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ անկախ նրանից, թե ի՞նչ անցյալ ունի, Ռուստամյանը պատասխանել է. «Էդպես որ լիներ, մենք ՀՀՇ-ի հետ էլ չպետք է համագործակցեինք։  Էդպես որ լիներ, մենք ՀԱԿ-ի հետ միասին քառյակ չպետք է կազմեինք, երբ ուղիղ մեզ հետ է խնդիր ունեցել: Բայց մենք գնացել ենք դրան եւ բացատրել ենք, որ, այո՛, դա կապ չունի»։ 

Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանել է, որ եթե դատում ես, պիտի դատես առանց ցասումի եւ կողմնակալության: Բացատրել է. եթե մի անգամ կրքերով եւ անաչառ չլինելով դատեցինք, վաղը դա կդառնա նորմ, եւ հետո դրա դեմ պիտի պայքարենք։ «Սա է մեր ասածը՝ լինի Ռոբերտ Քոչարյանը, ով ուզում է լինի»,- հավելել է Ռուստամյանը։

Անդրադառնալով տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է. «Ես քաղաքական հետապնդման մասին չեմ խոսում, քանի դեռ դրա ապացույցները չկան։  Հասարակական ընկալումներով ենք շարժվում նորից»։

Արմեն Ռուստամյանը հիշեցրել է «քաղբանտարկյալ» որակման 5 չափորոշիչները։ Նրա համոզմամբ՝ քաղաքական հետապնդման մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, եթե դրանցից գոնե մեկն ապացուցվի դատական ընթացակարգով, քննության միջոցով։ 

«Մենք ասել ենք՝ առաջադրված մեղադրանքը, այո, կարող է այդպիսի տպավորություն առաջացնել, եւ արդեն տեսնում եք, չէ՞, որ տենց միանշանակ չէ։ Ավելի լավ է մարդուն առաջադրել այնպիսի մեղադրանք, որի համար ունես հսկայական փաստեր, քան թե մի բան մեղադրես, որը դեռ պիտի ապացուցվի, եւ հետո գտնես՝ մեղավորն ով է»,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Ռուստամյանը նկատել է, որ այսօր ունենք 10 զոհերի փաստը։ Նրա համոզմամբ՝ այդ փաստով պետք է գտնել մեղավորներին՝ անաչառ, բոլոր հնարավոր բացահայտումները կատարելով, որն արդարադատության հիմնական պահանջն է։ Իսկ երբ առաջադրում են մեղադրանք, որը դեռ պետք է ապացուցվի, հնարավորություն են տալիս, որ մեղադրյալն արդարանա։

Նախորդ նախագահների վերադարձի եւ ազատ արտահայտվելու մասին ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատկերավոր է արտահայտվել. «Եթե անգամ քո կարծիքին համաձայն չեմ, կյանքս կտամ, որ դու ունենաս ազատություն՝ այդ կարծիքն արտահայտելու»։