Հայաստանի իշխանությունների առաջադրած երկպալատ խորհրդարանի գաղափարը դեռ չի հասունացել, քանի որ չի կարելի շրջանառության մեջ դնել գաղափարներ, որոնք սահմանադրական փոփոխություններ եւ, առաջին հերթին հանրային գիտակության փոփոխություններ են պահանջում: Այդ մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով սփյուռքի նախարարի հայտարարությունը՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների միջոցով երկպալատ խորհրդարան ստեղծելու հնարավորության մասին:
Ալավերդյանի կարծիքով, անթույլատրելի է որոշումներ ընդունելու իրավունք տալ մարդկանց, որոնք չեն ապրում Հայաստանում եւ իրենց մաշկի վրա չեն զգալու իրենց իսկ ընդունած որոշումների հետեւանքները:
«Չնայած նրան, որ միշտ քաղաքական կոռեկտության կողմ եմ եղել, բայց պետք է ասեմ, որ այս գաղափարն աբսուրդ է: Այս գաղափարը անթույլատրելի է իրավական առումով, անթույլատրելի է, որ Հայաստանում ապրող քաղաքացին դառնա երկրի սահմաններից դուրս ապրողի որոշումների զոհը: Անգամ եթե պարզվի, որ մեր հասարակությունը հասունացել է երկպալատ խորհրդարանի համար, այդ դեպքում էլ պետք է բազմաթիվ փոփոխություններ արվեն»,- նկատել է Ալավերդյանը՝ հավելելով, որ Հրանուշ Հակոբյանի արարքը մեծ ռիսկ է համարում:
Նշենք, որ Հայաստանի նախագահի մտադրության մասին Կալիֆորնիայում սփյուռքի կառույցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:





























