Ցանկացած հաջողված սթարթափ պետք է հիմնվի երեք սյուների վրա՝ շուկա, ինքնատիպություն եւ լավ թիմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Startup Wise Guys В2В աքսելերատորի CEO Կրիստոբալ Ալոնսոն:

Շուկա

Կրիստոբալ Ալոնսոյի խոսքով՝ սթարթափերի մեծամասնության հիմնական խնդիրն այն է, որ նրանք «լուծումը հորինում են, իսկ հետո խնդիր են փնտրում, որին այդ լուծումը կհամապատասխանի»:

«Նրանք արտադրանք են ստեղծում, այնուհետեւ սկսում են մտածել, թե այդ արտադրանքն ում կկարողանար հետաքրքրել, ով կցանկանար այն գնել: Սակայն այդպես չպետք է լինի. ավելի ճիշտ է լուծումը գտնել արդեն գոյություն ունեցող խնդրի համար, այսինքն՝ պետք է արտադրանք ստեղծել, որի կարիքը մարդկանց ինչ-որ խումբ հաստատապես ունի: Այսպիսով, անչափ կարեւոր է, որ սթարթափն արդեն շուկա ունենա, կատարյալ լինելու դեպքում՝ բավականին մեծ»,- նշեց նա:

Ինքնատիպություն

Հաջողված սթարթափի մյուս կարեւոր առանձնահատկությունն է առաջարկվող արտադրանքի ինքնատիպությունը: Թե՛ արտադրանքի հեղինակներին, թե՛ նորդրողներին, թե՛ պոտենցիալ գնորդներին պետք է ակնհայտ լինի, թե այդ արտադրանքն ինչով է տարբերվում մյուս նմանօրինակներից: Եթե դա ընդամենը հերթական պատճենումն է, այն հազիվ թե մեկին հետաքրքրի:

«Ոմանք ասում են, որ իրենց արտադրանքն ավելի էժան է: Սակայն ավելի էժանը չի նշանակում տարբեր լինել: Յուրաքանչյուրը կարող է ավելի էժան տարբերակ ստեղծել՝ ինչ էլ, որ այն լինի: Հարկավոր է այնպիսի արտադրանք, որն իսկապես մյուսներից կտարբերվի՝ արդյունավետությամբ, մոտեցմամբ, որեւէ այլ բանով»,- նշեց Ալոնսոն:

Թիմ

«Ես մշտապես ասում եմ, որ հնարավոր է լավ շուկա չունեցող վատ արտադրանքը շտկել, եթե այդ արտադրանքի վրա լավ թիմ է աշխատում: Սակայն լավ արտադրանքով անհնար է վատ թիմը շտկել: Թիմը հաջողված սթարթափի ամենակարեւոր բաղկացուցիչն է»,- ասաց Ալոնսոն:

Նրա խոսքով, երբ Startup Wise Guys աքսելերատորը որոշում է ընդունում՝ այս կամ այն սթարթափն արժի արդյոք մտցնել աքսելերացիոն ծրագրի մեջ, որոշումը նվազագույնը 50 տոկոսով կախված է դիտարկող սթարթափի թիմից. եթե երիտասարդները համարժեք են, ապա հաջողության լավ հնարավորություններ ունեն, նույնիսկ եթե նրանց արտադրանքը աշխարհում ամենահետաքրքիրը չէ:

«Թիմը պետք է բավականին հավակնոտ լինի, ինչպես նաեւ անհրաժեշտ գիտելիքներ, սովորելու ցանկություն ունենա եւ նոր գաղափարների հանդեպ բաց լինի: Օրինակ՝ խորհուրդներին մարդիկ տարբեր կերպ են արձագանքում: Մեկը կարողանում է լսել եւ ի գիտություն ընդունել՝ այդպիսի երիտասարդների հետ արժի աշխատել: Իսկ ինչ-որ մեկն անմիջապես անցնում է պաշտպանական կանգնակի հետեւ, ասում է, թե իրեն ինչն է ավելի տեսանելի: Դե ինչ, հնարավոր է, նրան իսկապես ավելի տեսանելի է, սակայն այդպիսի մարդու հետ աշխատելու ցանկություն չենք ունենում»,- նշեց Ալոնսոն: