Մսամթերքի թանկացումը նախարար Արթուր Խաչատրյանը պայմանավորում է ոչ այնքան անասնագլխաքանակի, հնարավոր, ստվերում լինելու հանգամանքով, որքան «խոտի տուկի» գնով։ Այսօր՝ օգոստոսի 31–ին, պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ասուլիսում այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Նա տարակուսել հարցից, թե ինչու պիտի գյուղացին 20 կով ունենա, բայց նշի 15-ը։
«Այս պահի դրությամբ իրականացնում ենք ճշգրտում, որ հասկանանք անասնագլխաքանակի պատկերը եւ թե՛ վարելահողերի եւ մշտական տնկարկների մասով, որ այդ հարցը չլինի, ինչքան ընդհատակյա այգի ունենք, ինչքան գաղտնի կով ունենք, որ այդ հարցը չլինի»,-ասաց նա:
Նախարարը չի բացառել, որ մսամթերքը թանկացել է ոչ թե ստվերի, այլ անցյալ տարվա անբարենպաստ եղանակի պատճառով, երբ կերի բարձր գների պատճառով անասնագլխաքանակի 10 տոկոս անկում ունեցանք։
«Գյուղական շրջաններում կանխիկ փողի համարժեք է «խոտի տուկ» ասվածը եւ այդ խոտի տուկը հասավ մաքսիմալ մինչեւ 1800 դրամի եւ բնականաբար մենք ունեցանք անկում։ Որպեսզի անկումը շատ մեծ չլիներ, կաթ մթերողներին հորդոր է եղել, որ ավելի թանկ մթերեն։ Փորձում եմ հարցի տրամաբանական կապը գտնել, մտածենք, հետո կզանգեք կասեմ»,–եզրափակեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։











