Գյուղատնտեսության նախարարությունն այլեւս չպետք է զբաղվի գինեգործության ոլորտի կարգավորմամբ։ Նման հայտարարությամբ այսօր՝ փետրվարի 4-ին հանդես եկավ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Իր դիրքորոշումը նա պարզաբանեց նրանով, որ խաղող վաճառող գյուղացիական տնտեսությունները եւ այդ խաղողը գնող գինեգործարանները մշտապես հակամարտության մեջ են՝ վճարումների ժամկետի, գնի, որակի եւ այլ հարցերի պատճառով։ Իսկ գյուղնախարարությունը նման դեպքերում մշտապես պաշտպանում է գյուղացիներին՝ ճնշումներ բանեցնելով գինեգործարանների վրա։ NEWS.am-ի այն դիտարկմանը, որ գինեգործարանները հաճախ ուշացնում են գնված խաղողի դիմաց կատարվող վճարումները, Ա. Հարությունյանն ասաց, որ շուկայական հարաբերություններում դա նորմալ երեւույթ է։