Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի վերստեղծումը արձանագրության կոպտագույն խախտում է: Այդ մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Այդ ենթահանձնաժողովի նշանակությունը քաղաքականացված է մի շարք պետությունների կողմից եւ դա այնքան աննախադեպ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բացասական կարծիք են հայտնել վերստեղծման մասին»,- ասել է Ալավերդյանը:
«Այդ ենթահանձնաժողովի վերստեղծումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանի՝ կեղծիքի վրա հիմնված քաղաքականության հետեւանք»,- նկատել է Ալավերդյանը՝ հավելելով, որ ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում շատ արդյունավետ եւ համախմբված է աշխատում:
Ըստ Ալավերդյանի՝ հայկական պատվիրակությունը պետք է նամակ հղի ԵԽԽՎ ղեկավարությանը, բացատրի պատճառները, թե ինչու է դեմ նման ենթահանձնաժողովին եւ պահանջի վերանայել վերստեղծումը:





























