Բարեփոխումներ անելու կառավարության անընդունակությունը հանգեցնում է երկրում սոցիալական եւ ժողովրդագրական իրավիճակի վատթարացման: Այդ մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով, Անգամ ամենալավ ծրագրերի իրականացումը բացասական ընդունելության է արժանանում բնակչության կողմից: Որպես օրինակ նա նշել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման ծրագիրը:
Տվյալ դեպքում ակնհայտ է, որ 8 տարում Սեւանը բարձրացել է 291 սմ, բայց զուգահեռ լճից անհետացավ իշխանը, եւ ձկնորսության արգելքից հետո տեղացիները մնացին առանց գործի:
«Եւս մեկ օրինակ է Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի օրինակը, որտեղ մտադիր են հանքային ջրերի արտադրության գործարան հիմնել: Գործարանը կառուցվելու է ցանքատարածությունների, նաեւ արոտավայրերի տեղում: Դրա համար տեղացիներին որոշակի փոխհատուցում է տրվելու, սակայն խոշոր եղջերավոր անասունների կրճատման պատճառով գյուղացիները կորցնելու են գոյության միջոցները: Եւ դա արվում է միայն նրա համար, որ ինչ-որ արաբ մի շեյխ ուզում է գործարան կառուցել, որի տնօրենը դառնալու է Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի բարեկամը»,- ասել է պատգամավորը:
Ալավերդյանը նաեւ նկատել է, որ քաղաքականության հետեւանքը բնակչության արտագաղթն է, ինչը կարող է զգալիորեն ազդել երկրի զարգացան վրա:




























