Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է, դեռ չի մեկնել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Որոշակի տեխնիկական խնդիրներ կան: Այսինքն՝ ենթադրում ենք, որ կան տեխնիկական խնդիրներ, հիմա դրանց կարգավորման եւ պարզման գործընթացն է: Հաշվի առնելով տարբեր այլ գործերով պրակտիկան՝ հիմնավոր կասկածներ ունենք, որ Ռոբերտ Քոչարյանի գնալու հնարավորությունը փակված է, եւ հիմա դա ենք ճշտում՝ փակված է, թե՞ ոչ, եւ հիմքերը: Այդ հարցով արդեն իսկ դիմել ենք սահմանապահ զորքերին: Չնայած նախաքննական մարմինը բանավոր հաստատել է, որ խնդիր չկա, բայց հիմք ընդունելով նախկին պրակտիկան՝ ենթադրում ենք, որ սահմանափակում կա»,- ասաց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը հայտնեց, որ նախկին նախագահը մեկնելու էր Գերմանիա՝ ընթացիկ առողջական ստուգման:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից: 168.am-ի հարցին՝ արդյո՞ք նախկին նախագահը հանրապետությունից բացակայելու իրավունք ունի եւ ի՞նչ նպատակով է մեկնում, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել էր. «Այո՛, իրավունք ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որեւէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, իր ուղեւորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին»:

Այսօր արդեն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չի մեկնել: