Կանխատեսումները, որ Հայաստանում առկա քաղաքական դժգոհությունը կարող է հանգեցնել սոցիալական բողոքի եւ մարդկանց՝ փողոց դուրս գալուն, հիմքեր չունեն։ Փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով, սոցիալական եւ քաղաքական բախումների հավանականությունը չափող ամերիկյան մի մոդելի համաձայն՝ աշխարհի 33 երկրների ցուցակում (որտեղ սոցիալական խռովություններ հնարավոր են) Հայաստանը գրավում է 24-րդ, իսկ Ռուսաստանն ու Վրաստանը՝ համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը։

«Հայաստանը գունավոր հեղափոխությունների տեղ չէ։ Սոցիալական դժգոհությունը հեղափոխության կարող է բերել միայն այն  դեպքում, երբ տվյալ երկրի բնակչության մոտ սրվում է աղքատության  ընկալման զգացողությունը։ Թեպետ մեր երկրում բնակչության 46,2 տոկոսը պաշտոնապես աղքատ է ապրում, սակայն հարցումների անցկացման դեպքում նույն այդ մարդիկ իրենց աղքատ չեն համարում։ Այդ մարդկանց մոտ աղքատության ընկալում իրականում չկա։ Հենց դա էլ նրանց հեռու է պահում սոցիալական բողոքից»,- բացատրեց Ադիբեկյանը։

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում բնակչության 46,2 տոկոսը կազմում են աղքատները, 40,2 տոկոսը՝ համեստ ապրելակերպ ունեցողները, 12,4 տոկոսը՝ ունեւորները եւ 0,3 տոկոսը՝ հարուստները, սակայն հարցումների արդյունքում իրենց աղքատ են համարել միայն 19,5 տոկոսը, համեստ ապրելակերպ վարող՝ 78 տոկոսը, ունեւոր՝ 1,9 տոկոսը եւ հարուստ՝ 0,6 տոկոսը։