ԼՂ հիմնահարցի հետ կապված բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձեւակերպվեր եւ երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը, եւ Դուք դա գիտեք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, թե օգոստոսի 17-ի հանրահավաքում հող հանձնելու մասին Փաշինյանի հայտարարությունը բանակցային գործընթացի ո՞ր փուլին, ո՞ր տարեթվին, ո՞ր փաստաթղթերին են առնչվում:
«Վերջը, պարո՛ն վարչապետ, ո՞ր հայտարարությունների, ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, երբ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»,- հարցրեց Աշոտյանը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Վերջին տարիներին, ինչքան մենք մոտեցել ենք 2018 թվականին, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետեւյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Ես չեմ ասում, որ դուք այդ տարբերակն ընդունել եւ ստորագրել եք, բայց ասում եմ, որ առաջին շփումների ժամանակ ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ հարցի լուծում հնարավոր չէ»:
Աշոտյանն արձագանքեց. եռանախագահների ներկայացրած վերջին փաստաթղթում նշվում է Արցախի կարգավիճակը: Դաա միակ պաշտոնական փաստաթուղթն է, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ այդ տարբերակն է ժառանգություն թողնվել Փաշինյանին: «Իսկ եթե նման պարտվողական փաստաթուղթ է եղել, ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնել այդ փաստաթղթին»,- հարցրեց Աշոտյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց. «Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետեւ վախենում եմ, թե ճշմարտությունը լսելուց հետո դուք հոգեբանի աջակցության կարիքն ունենաք։ Ինչ վերաբերում է ամբողջական հրապարակումներին, ապա կգա նաեւ դրա ժամանակը: Կներեք, թող ես որոշեմ, երբ է այդ ժամանակը, եւ ես անպայման կորոշեմ»։











