ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի կերպարների մեջ մեծ տարբերություն կա։

«Պարոն Փաշինյան, ուզում եմ ֆիքսել, որ այսօրվա Ձեր կեցվածքից, կերպից, խոսքից, հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Տպավորված եմ: Ինձ երբեմն թվում է՝ դուք դվայնիկ ունեք, այնքան մեծ է տարբերությունն այն կերպերի, որ տեսնում ենք: Այս կերպը լավն է»,- ասաց Աշոտյանը։

Աշոտյանի նկատառմանը Փաշինյանը պատասխանեց՝ սովոր է համարժեք լինել. «Ես սովոր եմ լինել համարժեք: Կարծում եմ՝ նախկինում էլ այս դահլիճում Դուք ինձ տեսել եք տարբեր ոճերի մեջ՝ շատ լայն դիապազոնով: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլեւ, ընդհակառակը, մեծացել է, եւ ես հույս ունեմ, որ Դուք նկատել եք։

Աշոտյանն արձագանքեց, որ այս ընթացքում միայն դիապազոնը չէ, որ մեծացել է. մի օր ինքը կարող է նրա քաղաքական կերպարի փոփոխության վերլուծություն կատարել: