Եթե նախորդ իշխանությունների օրոք իշխող քաղաքական ուժի ղեկավարը գնար հանրահավաքի եւ գովազդեր իր թեկնածուին, պատկերացնում եմ այստեղ ձեր ելույթները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավելեց. «Արձակուրդ վերցրեք, պաշտպանեք ձեր թեկնածուին»։
Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում վարչապետին մասնակցել քարոզարշավին։
Պատգամավորի մտահոգությանը, որ վարչապետի սերը հանրահավաքների հանդեպ չի մարել, եւ այնտեղ Նիկոլ Փաշինյանի «բոցաշունչ ելույթների ժամանակ Բաղանիսը գնդակոծվում էր», վարչապետը պատասխանեց. «ՀՀ ԶՈՒ-ն օպերատիվ արձագանքել է Բաղանիս եւ Վազաշեն գյուղերի կրակոցներին եւ լռեցրել կրակակետերը։ Ես եղել եմ Տավուշի մարզում, Բաղանիսում հանդիպել եմ մարդկանց հետ, կարեւորում եմ սահմանապահ գյուղերի իրավիճակը»։
ՀՀԿ պատգամավորը նաեւ նկատեց, որ հանրահավաքում վարչապետի ելույթներն անկայունություն են առաջացնում հասարակության շրջանում։ Փաշինյանը պատասխանեց՝ անկայունությունը միայն ֆեյսբուքյան խմբերում է. «Վերջին անգամ ե՞րբ եք եղել Երեւանի փողոցներում։ Եթե որեւէ սոցիալական ցանցում, ֆեյսբուքի խմբում անկայուն իրավիճակ է, դեռ չի նշանակում, որ ՀՀ-ում անկայուն իրավիճակ է։ Հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում լիովին կայուն քաղաքական իրավիճակ է, քրեածին իրավիճակը լիովին վերահսկվում է կառավարության եւ իրավապահների կողմից, եւ իրավիճակը շարունակելու է մնալ կայուն»:
Վարչապետը նաեւ հավելեց, որ հիմք ունի եզրակացնելու, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը։











