Ազգային անվտանգության առաջնային խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարած՝ 30, 50, 100 միլիոն դրամը հետ բերելն է, այլ անվտանգություն ապահովելը, հետեւաբար այստեղ, որ նույնիսկ ԱԱԾ պետին են լսել, լուրջ բացթողում կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին ասաց  ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Լույս» դաշինքի նախընտրական հանրահավաքին։

Նա հիշեցրեց, որ ունենք երկու թշնամի հարեւան, որոնք ցանկացած պահի կարող են պատերազմ սկսել. «Հիմա պատկերացրեք՝ այս ազգային անվտանգության պարագայում իրենք կարող են լսել այս երկրի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը, պաշտպանության նախարարի խոսքը. սա է ամենկարեւորը, որ պիտի լուծի ազգային անվտանգությունը»

Նա անհրաժեշտ համարեց, որ  պարզվի՝ ով է արել այդ ձայնագրությունը. «Այս հարցում 100 տոկոսով համակարծիք եմ գործող վարչապետի հետ, պիտի պարզել ով է արել ու էդ մարդը պիտի միանշանակ, աներկբա պատժվի, պիտի ճշտվի՝ միգուցե օտար երկիր է արել, սա շատ կարեւոր հարց է, ես անձամբ շատ կասկածներ ունեմ, իսկ ինչի չպիտի ունենամ։ Կա՞ երկիր որը գաղտնալսել ու տվել է. տակի անգլերեն գրածը՝ Հրաչը–Գրաչ, հուշում է էլի, սա էլ ճշտել է պետք»։

Արամ Սարգյանը մտահոգություն հայտնեց, որ շատ են սկսել գաղտնալսել, իմանալ, թե ով ում հետ ինչ է պայմանավորվում. «Էս ի՞նչ բան է»։ 

Գաղտնալսման ձայնագրության հրապարակումը «Ելքի» պատգամավորի մոտ մի մտահոգություն էլ է առաջացրել. «Գերկարեւոր հանգամանք եմ համարում. ամբողջ կյանքում պայքարել եմ, որ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները լինեն տարանջատ։ Այս գաղտնալսումը լուրջ հարց առաջացրեց՝ տարանջա՞տ է, թե՞ չէ»։