«Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը (ռեժիսորներ Իննա Սահակյան եւ Արմեն Երիցյան) լավագույնն է ճանաչվել 39-րդ պարային կինոյի փառատոնում (Dance on Camera Film Festival), որն անցկացվել է Նյու Յորքում հունվարի 25-ից փետրվարի 1-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Bars Media վավերագրական կինոստուդիայից:

Ֆիլմը պատմում է հայ լարախաղացներ Ժորա Արմենակյանի եւ Կնյազ  Մհերյանի եւ Հայաստանում նրանց մահացող արվեստի մասին:

2010-ի հոկտեմբերի 17-ին «Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է ամերիկյան PBS հեռուստատեսությամբ: Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Ճապոնիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի եւ այլ երկրների  հեռուստատեսություններով:

Այն հաղթել է  նաեւ Բելգրադի ազգային ֆիլմերի XIX փառատոնում:

2010-ի հոկտեմբերի 22-ին ֆիլմը ցուցադրվել է Լայպցիգի փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Տորոնտոյում (Կանադա) անցկացված  հայկական «Նուռ» կինոփառատոնում: