Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիայում Իլ-20-ի ողբերգությունը չհամեմատել Թուրքիայի կողմից ոչնչացված Սու-24 ինքնաթիռի դեպքի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեկվա ողբերգությունը, պետության ղեկավարն անվանել է «ողբերգական պատահարների շղթա»: Պուտինի խոսքով, Ռուսաստանը Սիրիայույմ կապահովի իր զինվորականների լրացուցիչ անվտանգությունը, եւ դա «բոլորը կզգան»:

«Երբ մարդիկ մահանում են, հատկապես նման ողբերգական հանգամանքներում, դա միշտ էլ աղետ է, աղետ է բոլորիս համար, մեր երկրի եւ մեր հարեւանների համար: Այս կապակցությամբ, ես իհարկե, ցավակցում եմ զոհվածների հարազատներին», - Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ամփոփիչ ասուլիսում ասել է Պուտինը:

Իլ-20-ը ռադարներից անհետացել էր Լաթաքիա նահանգի վրա իսրայելական 4 F-16 ինքնաթիռների հարձակման ժամանակ, այս տարածքում գտնվում էր նաեւ ֆրանսիական Auvergne ֆրեգատը: Միջերկրական ծովի երկնքում Իլ-20-ի անձնակազմի հետ կապը կորել էր Սիրիայի ափերից 35 կմ հեռավորության վրա մոտ 23:00-ին:

Պն տվյալներով, իսրայելական օդաչուները պաշտպանվելով ռուսական ինքնաթիռով՝ նրան Սիրիայի ՀՕՊ-ի հարվածի տակ են դրել: Մահացել է 15 ռուս զինծառայող:

Ընդ որում Իսրայելը չէր զգուշացրել ռուսական հրամանատարությանը ծրագրվող գործողության մասին: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ոչնչացված Իլ-20-ի եւ անձնակազմի մահվան մեղքը ամբողջությամբ Իսրայելինն է:

Իսրայելը հերքում է իր մեղքը եւ պատասխանատվությունը դնում է  Դամասկոսի, Իրանի եւ Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման վրա: