Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7.75 տոկոս:

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ ԿԲ-ն նշում է, որ 2011 թ. հունվարին արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 10.6 տոկոս:

ԿԲ-ում համարում են, որ գնաճային միջավայրը շարունակելու է ընդլայնվել` կապված պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում լարվածության պահպանման եւ գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով դեռեւս պահպանվող բարձր գների հետ: 

ԿԲ խորհուրդը գտնում է, որ չնայած ներկայումս ներքին պահանջարկի վերականգնումը գնաճային ճնշումներ չի ձեւավորում, սակայն տնտեսության զարգացման կանխատեսվող միտումները, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունների ուժգնացումն ու գնաճային սպասումների ավելացումը գնաճային նոր ռիսկեր են առաջացնում: 

Այս իրավիճակում ԿԲ-ն անհրաժեշտ է համարում դրամավարկային պայմանների կոշտացումը:

ԿԲ խորհուրդը կարեւորում է գնաճի կանխատեսվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը:

Վերջինս պետական այլ կառույցների հետ մեկտեղ հակագնաճային միջոցառումների իրականացման ներքո նախադրյալներ կստեղծի գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար: