Այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղած ժամանակ անձամբ է վերահսկել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը, ոչ մեկի համար նորություն չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ցուցակն անուն առ անուն համաձայնեցվել է իր հետ:
«Թող այսօր ՀՀԿ-ն չփորձի տարանջատվել Քոչարյանից, քանի որ Քոչարյանի նախագահության օրոք ՀՀԿ-ական գործիչների դիրքորոշումները նույնական էին Քոչարյանի դիրքորոշումներին: Երբ Քոչարյանը նախագահ էր, ՀՀԿ-ն նրան համարում էր ամենաճիշտ, ամենակարող, եւ ընդհանրապես` ամենա, ամենա գործիչը: Մինչդեռ այսօր ՀՀԿ-ականները փորձում են իրենց տարանջատել Քոչարյանից, քանի որ նա այլեւս իրենց պետք չէ: Այժմ նրանց համար այլ քաղաքական գործիչ է համարվում ամենա ամենան»,-հայտարարեց Բախշյանը:
«Սակայն եթե ՀՀԿ-ն կարողանա իր մեջ ուժ գտնել եւ ընդունել իր սխալները, որոնք թույլ է տվել Քոչարյանի հետ մեկտեղ, ես կարող եմ ասել, որ այդ կուսակցությունում հավաքվել են իսկական տղամարդիկ»,-եզրափակեց պատգամավորը:




























