Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման գործընթացն են քննարկել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու Եվրամիության վիզաների գծով փորձագիտական առաքելությունը գլխավորող Դաֆնի Գոգոուն, այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանում:

ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:

Եվրոպացի փորձագետները նշել են, որ բանակցությունները Հայաստանի հետ շուտով կմեկնարկեն: Գործընթացը կծավալվի հետեւյալ փուլերով`վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի նախնական տարբերակի ներկայացում Հայաստանի իշխանություններին, թերեւս` 3-4 փուլից բաղկացած բանակցություններ, համաձայնագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերում եւ երկկողմ վավերացում:

ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերը դյուրին եւ արագացված ընթացակարգեր կսահմանեն պաշտոնական պատվիրակությունների, գործարար շրջանակների, ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների, մոտ ազգականներին այցելողների եւ այլ անձանց համար: