Նիկոլ Փաշինյանն ավարտել է այցը Դուշանբե, որտեղ մասնակցում էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Փաշինյանը միայն մեկ առանձին հանդիպում է ունեցել՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վարչապետը չի հանդիպել, սակայն խորհրդի ընդլայնված կազմով հանդիպմանը տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է նա մի քանի րոպե ոտքի վրա զրուցում Պուտինի հետ։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ ասել է՝ նրանք կարճատև զրույց են ունեցել օպերատիվ հարցերի շուրջ, սակայն Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը չի քննարկվել։ Տաջիկստանի նախագահի ընդունելությունների տան այգում Փաշինյանը մի քանի բառ է փոխանակել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետն այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել և խոստացել Երևան վերադառնալուց հետո պատմել իրենց խոսակցության մանրամասները։
Սոցցանցերի գլխավոր թեման այսօր ԱՊՀ ղեկավարների ընթրիքից հրապարակված լուսանկարն էր, որում բոլոր պետությունների առաջնորդները նստած են սեղանի մի կողմում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ միայնակ, սեղանի ծայրին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է՝ այբբենական կարգով են նստեցրել՝ Ա–ով սկսվող երկրների ղեկավարներին՝ Փաշինյանին և Ալիևին նստեցրել են սեղանի երկու ծայրերին։
Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հեղափոխական կառավարությունը կպահպանի նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված երդմնակալության ավանդույթը, երբ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով լանջաշղթան դուրս է բերվում Երեւանի պատմության թանգարանից եւ անցկացվում նորընտիր քաղաքապետի լանջին։
Երեւանի 2800-ամյակին ընդառաջ Հայաստանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ գաթան։ 368 կգ կշռող, 68 մ երկարությամբ եւ 37 սմ լայնությամբ հայկական գաթան այսօր «Գինես»-ի ռեկորդակիր է դարձել։ Հինգ խոհարարներն ամենամեծ գաթան թխել են 2 օրվա ընթացքում։
Դոլարը շարունակում է ամրապնդվել, եվրոն էժանացել է։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 28-ին կազմել է 482, եվրոյինը՝ 559, բրիտանական ֆունտինը՝ 629 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ։
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում նույնպես տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ 27+29 աստիճան:











