Հայ ազգային կոնգրեսը փետրվարի 18-ի իր հանրահավաքն անցկացնելու է Մատենադարանի հարակից տարածքում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Ավելի վաղ ՀԱԿ-ն իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, սակայն քաղաքապետարանը մերժել էր իրազեկումը` առաջարկելով հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մերձակա հրապարակում:

Հանրահավաքին ելույթ է ունենալու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Զանգվածային միջոցառման ծանուցմամբ թռուցիկների մեջ որպես օրակարգային հարցեր նշված են «Ընտրակեղծարարությունը, տոտալ հարձակումը մանր ու միջին բիզնեսի, միջին խավի վրա, ապօրինի թանկացումները, Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ ընտրությունները»: