Մենք համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք խնդիր ունեն երկրի տնտեսական կառուցվածքի հետ, պետք է ագրարային երկրից վերածվել արդյունաբերական երկրի. «Որպես դրա նախաքայլ դիտարկում ենք աշխատանքը խրախուսելու գործընթացը: Եւ գյուղում, եւ քաղաքում, ամեն ինչ անելու ենք, որ մարդը շահագրգիռ լինի աշխատել: Խրախուսելու ենք ոչ թե աղքատությունը, այլ աշխատանքը»,-ասաց վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ 2019 թվականի բյուջետային գործընթացին՝ նշելով «Մենք պլանավորում ենք էականորեն կրճատել ՀՀ-ում ծառայողական մեքենաների թիվը, էականորեն մեծացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը: Վերջնական փուլ է մտնում հարկային բարեփոխումների փաթեթը, շատ լուրջ բարեփոխումներ են նախապատրաստվում ոստիկանական համակարգում, ճանապարհային եթեւեկության կանոնների կարգավորման ոլորտում:

Մենք քայլ-քայլ, շատ կոնկրետ բարեփոխումներով պետք է առաջ գնանք: Մեր նպատակը պետք է լինի Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելը եւ պետական կառավարման արդյունավետության մակարդակը բարձրացնելը: Առանց դրա Հայաստանի ինսդուստրիալիզացիայի կամ վերաինդուստրիալիզացիայի խնդիրը դժվար կլինի լուծել»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամից, տնտեսական տեղապտույտից դուրս բերելու համար թավշյա հեղափոխության տրամաբանությունը ցանկանում են դնել նաեւ տնտեսության վերափոխման հիմքում:

«Հեղափոխությունն արեց ոչ թե քաղաքական առաջնորդների թիմը, այլ արեց ժողովուրդը: Մեր դերակատարումն այն է, որ ստեղծենք հարթակ, դաշտ՝ այդ հեղափոխությունն անելու: Նույնը մենք ցանկանում ենք անել տնտեսության մեջ: Մենք պետք է ստեղծենք բոլորի համար հավասար պայմաններ, արդար, արդյունավետ հարկային համակարգ եւ տնտեսական մրցակցության իրական պայմաններ, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր տաղանդի շրջանակներում իրականացնել տնտեսական գործունեություն: Շատ կարեւոր է նաեւ ֆինանսավորման վարկավորման մատչելի միջոցներ գեներացնելը եւ բիզնես ներարկելը»:

Նա կարեւորեց ՏՏ ոլորտը, թեթեւ արդյունաբերությունը, սննդի վերամշակումը, ոսկերչությունը, ադամանդագորչծությունը, տուրիզմը, ինտենսիվ գյուղատնտեսությունը: