Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ այս փուլում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի լուրջ բարելավում:

Հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի կարճատեւ հանդիպումը՝ քաղաքագետը նշեց, թե քիչ հավանական է, որ նախագահի ու վարչապետի սոսկ հանդիպմամբ հնարավոր լինի որեւիցե լուրջ տեղաշարժ:

Քաղաքագետը հիշեցրեց, որ գոյություն ունեն նախկինում ընդունված պայմանավորվածություններ, կա մինսկյան ձեւաչափը եւ գործընթաց է ընթանում, սակայն նույնիսկ այդ գործընթացը լուրջ արդյունքի չի հանգեցնում եւ հիմա չի կարող հանգեցնել՝ հաշվի առնելով, թե կողմերը միմյանցից որքան հեռու են: Խոսելով անմիջական շփումների գաղափարի մասին՝ փորձագետը նշեց, թե չնայած նախկինում նման շփումներ կային, հիմա դժվար է պատկերացնել դրանց վերականգնումը: «Փոխգործակցությունը պետք է տեղի ունենա Մինսկի խմբի շրջանակում: Արդեն հայտարարություն է եղել, որում այս մասին սքողված նշվել է: Մյուս կողմից՝ անհրաժեշտ է ցանկացած հնարավորություն օգտագործել փոխգործակցության ձեւաչափը պահպանելու համար»,- նշեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի իրավիճակին՝ քաղաքագետը շեշտեց, որ այնտեղ իրավիճակը Հայաստանից չափազանց տարբերվում է: «Այնտեղ միանգամայն այլ բնույթի ռեժիմ է»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ հարեւան պետությունում գործում է տոտալ ստուգումների եւ արգելքների համակարգը, այդ թվում՝ հայկական կողմի հետ փոխգործակցության նախագծերին քաղաքացիական հասարակության մասնակցության արգելքը: Միաժամանակ, նա նշեց, որ ադրբեջանական իշխանությունների ստեղծած ֆեյք հարթակները չի կարելի համարել փոխգործակցության հարթակներ: