Կոստրոմայի մարզում Eurocopter AS 350 B3 ուղղաթիռի աղետի հետեւանքով զոհվել են ուղղաթիռում եղած բոլորը, այդ թվում՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: ՌԴ Քննչական կոմիտեն աղետի վայրից տեսանյութ է հրապարակել, փոխանցում է Vesti-ն: 

Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին մոտ 18:30-ին Վոնիշեւո գյուղից 2 կմ հեռավորությամբ: ԱԻՆ աշխատակիցների տեղ հասնելուց հետո այլեւս անհնար էր որեւէ մեկին փրկել՝ ուղղաթիռում գտնվողները մահացել են ստացած վնասվածքներից:

Eurocopter-ը պատկանում էր Heliport Moscow ուղղաթիռային համալիրին եւ թռչում էր Մոսկվայից Պլես, որից հետո պետք է ուղեւորվեր հյուսիս-արեւմուտք: Կոստրոմայի նահանգապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուղղաթիռում գտնվող մարդիկ ոսի էին գնում, ավելին՝ չհաստատված տեղեկություններով՝ ուղղաթիռը օդ է բարձրացել թույլտվություն չունենալով:

Հրապարակված կադրերում երեւում է, որ RA-07272 համարով ուղղաթիռը գետնին բախվելուց հետո կորցրել է պոչամասի հենարանը եւ գրեթե ամբողջությամբ այրվել: Նախնական տեղեկություններով՝ վատ տեսանելիության պայմաններում օդաչուն կառչել է ծառերի կատարներից, ինչը եւ դարձել է վթարի պատճառը, որի մեջ Կարապետյանից բացի, զոհվել են փորձառու օդաչու Ստանիսլավ Միխնովը եւ ուղեւոր Արեգ Հարությունյանը:

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Երթեւեկության անվտանգության կանոնների խախտում եւ օդային տրանսպորտի շահագործում, որն առաջացրել է 2 եւ ավելի մարդկանց մահը» հոդվածով:

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը եւ եւս մեկ հայ ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացել են