Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման  դրական միտումները: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք այն բոլոր դրական միտումները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», - ասել է դիվանագետը: «Հիմա կարեւոր է զարգացնել դրանք եւ չվնասել անխոհեմ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես վերջերս հնչում է»:

«Մենք մեր կողմից, այդ բոլոր դրական միտումներին աջակցություն կցուցաբերենք», - ընդգծել է Զախարովան:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Կողմերը պայմանավորվել էին հաջորդ ամիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակել: