Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչաին գաղտնի այցելել է Պենտագոն, որի ընթացքում հանդիպել է մի շարք պաշտոնատար անձանց հետ՝ փորձելով նվազեցնել գերատեսչության եւ ընկերության միջեւ լարվածությունը, հայտնում է The Washington Post-ը:

Լարվածությունն առաջացել է պաշտպանության նախարարության ծրագրերից մեկին մասնակցության պայմանագրի երկարացման Google-ի մերժման պատճառով:

Խոսքը Maven կոչվող նախագծի մասին է, որը նախատեսում է արհեստական ինտելեկտի կիրառում ռազմական անօդաչու թռչող սարքերի կարգավորման ճշգրտության մեծացման համար: 2017 թվականի հունիսին Պենտագոնը սկսել էր այս ծրագրի ֆինանսավորումը, որը կոչված է ապահովելու ռազմական ոլորտում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ներդրումը:

Սակայն այս տարվա ապրիլին Google-ի մոտ 4 հազար աշխատակիցներ հավաքական նամակ էին գրել՝ ընկերության ղեկավարությանը բողոք հայտնելով նախագծին մասնակցության դեմ: Maven-ի դեմ հանդես եկող աշխատակիցները հայտարարել էին, որ Google-ը չպետք է զբաղվի ռազմական բիզնեսով եւ կապ ունենա ռազմական տեխնոլոգիաների ստեղծմանը: Արդյունքում հունիսին հայտնի էր դարձել, որ կորպորացիան մտադիր է պահպանել Maven նախագծով գործող պայմանագրի պայմանները՝ ընդհուպ մինչեւ 2019-ի մարտին դրա ժամկետի ավարտը, սակայն այն չի երկարացնի:

Ինչպես նշում է The Washington Post-ը, վկայակոչելով աղբյուրներին, Փիչաին Պենտագոն է այցելել անցյալ շաբաթ Վաշինգթոն այցի շրջանակում: Պաշտպանության նախարարությունում նա հանդիպել է մի շարք զինվորական եւ քաղաքացիական անձանց հետ, որոնք աշխատում են Maven նախագծի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումում: Զրույցի մանրամասները չեն հրապարակվում:

Պարբերականը նշում է, որ պայմանագիրը երկարացնելու Google-ի մերժումը ընկերության եւ Պենտագոնի հարաբերությունների լարման առանցքային պատճառն է: Google-ի որոշումը հարուցել է նաեւ Կոնգրեսում մի շարք օրենսդիրների դժգոհությունը:

Google-ում հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություններ կատարել: Պենտագոնում հայտարարել են, որ «մասնավոր հանդիպումների վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս»: «Նախարարության առաջնորդները կանոնավոր կերպով հանդիպում են ոլորտի գործընկերների հետ՝ ինովացիոն տեխնոլոգիաների քննարկման համար,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: -Այս հանդիպումներն ուղղված են շարունակվող երկխոսության պահպանմանը, որն ուղղված է ապագայում տեխնոլոգիական մարտահրավերների լուծմանը»: