«ՀայՌուսգազարդը» դեռեւս գազի սականգնի բարձրացման հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովում հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
Նա ընդգծել է, որ «եթե անգամ Հայաստան ներմուծվող ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները վաղն ավարտվեն, սակագնի վերանայումը տեղի կունենա ապրիլի 1-ից հետո»։ Նա նաեւ ընդգծել է, որ եթե գազի գինը Հայաստանի համար դեռեւս որոշված չէ, ապա էլեկտրաէներգիայի սակագները հաստատ չեն փոփոխվի։
Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին բարձրացրել է գազաէներգոսնուցումից դժգոհ սպառողների իրավունքների պաշտպանության հարցը։ «Ի՞նչ պետք է անեն այն սպառողները, նրանց իրավունքները պաշտպանված չեն, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրության մեջ լրացումներ կատարել»,- առաջարկել է Աբրահամյանը։ Նազարյանն ի պատասխան նկատել է, որ ստեղծվել է գազամատակարարման եւ հոսանքի տատանումներից տուժած քաղաքացիների բողոքներով զբաղվող հատուկ հանձնաժողով։
Նշենք, որ նախօրեի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ ռուսական կողմի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նա նաեւ նշել էր, որ Հաաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ է տվել անել հնարավոր ամեն բան, որպեսզի էներգակիրների սակագները հանրապետությունում չբարձրանան։




























