Անչափ ծանր է խոսել, երբ գնում ես պատերազմի ճանապարհներով: Այս մասին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Ղարաբաղ ուղեւորության շրջանակում, առաջնագծի մարտական դիրքերից մեկն այցելելով, ասել է ռուսական «Կանանց երկխոսություն» կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան:
Ընդ որում՝ նա նշել է, որ «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի յուրաքանչյուր մասնակցի երակներում այդ ժամանակ արյունը սառել էր: «Իսկապես մենք պետք է թեկուզ մեկ կյանք փրկենք: Ես ռուս եմ, ես վերապրել եմ այս հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ընտանիքիս հետ միասին: Ես երկու փոքր երեխա ունեի եւ սրտիս տակ կրում էի երրորդին: Եվ այնպիսի ատելություն կար: Ես չգիտեի այդ երեխային կյանք կտրվի, թե ոչ, քանի որ ես ենթարկվում էի ամեն տեսակի խոշտանգման եւ բռնի գործողությունների: Ես ոչ մի կերպ չէի կարողանում Ղարաբաղը լքել»,- արտասուքը հազիվ զսպելով՝ թրթռացող ձայնով ասաց Սեմերիկովան:
Կուսակցության նախագահը, միաժամանակ, հրաժարվեց գնահատական տալ, թե հակամարտության կողմերից ով է «ճիշտ», իսկ ով՝ «մեղավոր», հավելելով, որ երբ Աննա Հակոբյանը հայտարարեց այս ակցիայի մեկնարկի մասին, ապա ինքն իր պարտքը համարեց դրան մասնակցել: «Դա առաջին հերթին մոր պարտքն է, դա առաջին հերթին կնոջ պարտքն է: Եվ ես այսօր ուզում եմ դիմել տիկին Ալիեւային: Նա նույնպես մայր է, նա հինալի տատիկ է, բայց նա նաեւ քաղաքական գործիչ է՝ իմաստուն, պատասխանատու քաղաքական գործիչ... այսօր մենք պետք է փրկենք մարդկային յուրաքանչյուր կյանք»,- շեշտեց Ելենա Սեմերիկովան:
Քաղաքական գործչի խոսքով՝ նախաձեռնությանը կմիանան նաեւ կանայք Ուկրաինայից, Ուզբեկստանից, Մոլդովայից եւ Մերձդնեստրից, քանի որ ոչ ոք չի ուզում կորցնել իրենց երեխաներին:




























