Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 11-ին կայցելի Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան։ Նախատեսվում է, որ Դավութօղլուն հանդիպումներ կանցկացնի Թբիլիսիում եւ Բաթումիում։

Այցի շրջանակներում Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ «վրացական պատմական հուշարձանների վրականգնման մասին հուշագրի» ձեւակերպում չի նախատեսվում։ Սակայն չի բացառվում, որ կողմերն անդրադառնան այս խնդրին։

Դավութօղլուի այցը Վրաստան կտեւի երկու օր, հայտնում է «Գրուզիա online»-ը։

Նշենք, որ համաձայն վրացական լրատվամիջոցների՝ թուրքական եւ վրացական կառավարական հանձնաժողովների միջեւ ձեւակերպվել է մի արձանագրություն, որով  Թուրքիան նախատեսում է Վրաստանում վերականգնել 3 եւ կառուցել մեկ մզկիթ, իսկ վրացական կողմը հնարավորություն է ստանում վերականգնել Թուրքիայի տարածքում գտնվող 4 հնագույն վրացական եկեղեցիներ։

Թուրքական կողմը մզկիթներ կվերանորոգի Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում, ինչպես նաեւ Քոբուլեթիում։