Հայաստանում մեծ թվով արտադրանքներ եւ նախագծեր կան, որոնք կարող են ամբողջ աշխարհի համար հետաքրքրություն ներկայացնել: Հոկտեմբերի 9-ին «DigiTec Expo – 2018» ցուցահանդես այցելության ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Լուի Պուզանը՝ ինտերնետի հիմնադիրներից մեկը (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով՝ հայ մշակողները լավ երեւակայություն ունեն, ապագայի հետաքրքիր տեսլական, ավելին՝ նրանք կարողանում են իրենց ճիշտ ներկայացնել:
Պուզանը Հայաստան է եկել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին: Նա խոստացավ հոկտեմբերի 10-ին գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական համաժողովի ժամանակ հանդես գալ կարեւոր հայտարարությամբ, սակայն նախընտրեց առայժմ մանրամասները չհրապարակել:
Լուի Պուզանը ցուցահանդես այցելեց տնտեսական համաժողովի 150 այլ մասնակիցների հետ, որպեսզի ծանոթանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ, ավելին իմանա նրանց նախագծերի մասին՝ ընթացիկ եւ ապագա:
Ինչպես նշեց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները, որոնք ներկայացնում են աշխարհի առնվազն 60 երկիր, շատ հնարավորություններ կունենան ոչ պաշտոնական մթնոլորտում շփվելու երկրի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հաղորդակցության տվյալներ փոխանակելու եւ, հնարավոր է, նախանշելու հետագա համագործակցության ուղիները: Գագաթնաժողովը եւ նրա շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումները կարեւոր դերակատարում ունեն Հայաստանում ինովացիաների ոլորտի զարգացման մեջ, նշեց փոխնախարարը:
Գագաթնաժողովին մասնակցելու է եկել նաեւ հայտնի ոսկերիչ Պիեռ Աքելյանը, որը NISHI PEARLS (Մոնրեալ, Կանադա) միջազգային ընկերության հիմնադիրն է ու տնօրենը: Նրա խոսքով՝ ցուցահանդես այցելությունն իրեն ցնցել է. մինչեւ վերջերս նա ծանոթ էր միայն մի քանի հայկական ՏՏ ընկերությունների հետ եւ չէր պատկերացնում, որ իրականում դրանք այսքան մեծաթիվ են:




























