Կառավարությունում այսօր՝ փետրվարի 11-ին տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան»-ի («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է «ՀՄՀ-Հայաստան»  ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը: Նիստը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդը հաստատել է ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը եւ հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրել համապատասխան իրավական կարծիք:

Կառավարման խորհրդի անդամների կողմից քննարկվել եւ հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գնումների վերանայված պլանը, ինչպես նաեւ Ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակներում կնքված երրորդ կարգի ջրանցքների կառուցման Երկրորդ փաթեթի Լոտ 2-ի, ինչպես նաեւ 17 պոմպակայանների վերականգնման պայմանագրերի փոփոխությունների նախագծերը:

Հաջորդ հարցով հավանության են արժանացել Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում կնքված ծանր տեխնիկայի  ձեռքբերման եւ «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում»  պայմանագրերի փոփոխությունների նախագծերը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի, հաստատվել է Արարատյան դաշտի դրենաժային համակարգի վերականգնման պայմանագրի փոփոխության նախագիծը: Խորհուրդը հավանություն է տվել հանրային իրազեկման գործընթացի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին: