Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քվեարկությունը երկրորդ անգամ տապալվեց Ազգային ժողովում։ Ընդամենը մեկ ձայն չբավարարեց՝ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ 

ԲՀԿ–ն, ինչպես և հայտարարել էր, Ազգային ժողով էր ներկայացել ամբողջ կազմով։ Դահլիճում էր նույնիսկ խորհրդարանում հազվադեպ երևացող Գագիկ Ծառուկյանը։ «Ելք»–ը նույնպես ամբողջ կազմով ներկա էր և կողմ քվեարկեց նախագծին։ ՀՅԴ–ից երկու պատգամավոր ներկա չէին նիստին, նրանք, ովքեր ներկա էին, կողմ քվեարկեցին։ Քվեարկությանը բացակա են եղել նաև Հանրապետականից դուրս եկած մի քանի պատգամավորներ։Հանրապետականն ամբողջ կազմով բացակայում էր դահլիճից՝ բացառությամբ  Արփինե Հովհաննիսյանի և Արմեն Աշոտյանի։ Նրանք  նախագծին դեմ քվեարկած երկու պատգամավորներն էին։

«ԵԼՔ» դաշինքից Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ սա սաբոտաժ էր։ Հանրապետական Արմեն Աշոտյանը, ընդհակառակը, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրենցից շնորհակալ պետք է լինի, որ օրինագիծը չընդունվեց։ 

Գագիկ Ծառուկյանը ընդգծեց՝ թող իրենց մեջ փնտրեն մեղավորին, «Ծառուկյան» դաշինքի բոլոր 31 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը։

Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց, որ իրենց խմբակցության պատճառով է տապալվել քվեարկությունը, իշխանությանը խորհուրդ տվեց սխալն իրենց մեջ փնտրել և շտկել՝ ակնարկելով, որ պատճառը շուտափույթ ընտրություններ անցկացնելու շուրջ կոնսենսուսի բացակայությունն է։

Սամվել Ալեքսանյանն այս անգամ կոճակները չէր շփոթել և կողմ էր քվեարկել օրինագծին։ Գործարարը բացատրեց՝ ինչու էր վարչապետի ընտրության ժամանակ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։

Երևանի ավագանու առաջին նիստում այսօր քաղաքապետի չորս թեկնածուներ են ընտրվել։ Առաջին փոխքաղաքապետն ամենաերիտասարդն է՝ 33 տարեկան։ Հրաչյա Սարգսյանը կառավարման մասնագետ է, աշխատել է բանկային համակարգում։34-ամյա Տիգրան Վիրաբյանը գյումրեցի է՝ մասնագիտությամբ՝ դերասան–ռեժիսոր, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենը։ 44–ամյա Սերգեյ Հարությունյանը Երևանի կենտրոնից է՝ մասնագիտությամբ կինոռեժիսոր։ Զբաղվել է լրագրությամբ, եղել է ռեստորանի, խանութի, գրաֆիկական ստուդիայի փոխտնօրեն։ Հայկ Սարգսյանն էլ մասնագիտությամբ տնտեսագետ–կիբեռնետիկ է, գիտությունների թեկնածու։ Աշխատել է հիմնականումբանկային համակարգում։

Վրաստանում հանգստյան օրերին տեղի են ունեցել նախագահի ընտրություններ։ 25 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել առաջին փուլով նախագահ ընտրվել։ Ամենաշատ ձայները հավաքել է, նախկին  արտգործնախարար ՍալոմեԶուրաբիշվին՝ 38 տոկոս։ Նրան աջակցում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Զուրաբիշվիին ընդամենը մեկ տոկոսով զիջում է ընդդիմադիր ԳրիգոլՎաշաձեն։ Նրանք երկու շաբաթից ուժերը կփորձեն երկրորդ փուլում։ Նշենք, որ սրանք Վրաստանի նախագահի վերջին ընտրություններն են, որ անցկացվում են ընտրողների ուղիղ քվեարկությամբ։ 2023 թվականից Վրաստանում կգործի ընտրությունների ամերիկյան մոդելը, որտեղ նախագահին կընտրեն մոտ 300 պատվիրակները։

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 29-ին կազմել է 485, եվրոյինը՝ 553, բրիտանական ֆունտինը՝ 623 դրամ։ Ռուսական ռուբլին աննշան աճել է՝ կազմելով 7.40 դրամ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն: