Իրանը հուսով է, որ ադրբեջանական իշխանություններն առաջիկայում վերջ կդնեն Իրանում 12 հազար մարդու կյանք խլած ահաբեկչական «Ժողովրդական մոջահեդների» անդամների գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հնչել է, երբ ադրբեջանական ANS հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել Ադրբեջանում բնակվող խմբավորման անդամների մասին: Մեհմանփարասթն ասել է, որ ոչ ոք չի կարող ահաբեկչական խմբավորման անդամներին ապաստան տրամադրել:

«Ժողովրդական մոջահեդներ» («Մոնաֆեգին») կազմակերպության անդամներ Համիդ Խարազին եւ Շոքրոլլահ Մոթահեմին հայտարարել էին, թե արդեն 9 տարի ապրում են Ադրբեջանում:

Խմբավորումը ձեւավորվել էր 1965թ. եւ իր առջեւ նպատակ էր դրել տապալել շահին: Ներկայումս նրանք հանդես են գալիս Իրանում ժողովրդավարական կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին: