Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հսկաներն այնքան գերիշխող են դարձել, որ հավանաբար նրանց առանձնացնելու անհրաժեշտություն կառաջանա։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ժամանակակից ինտերնետի ստեղծող Թիմոթի Բեռներս-Լին։

Գիտնականի խոսքերով՝ 1990-ականներից սկսած՝ թվային հեղափոխությունը ծնել է ամերիկյան մի քանի ՏՏ ընկերություններ, որոնք այսօր ավելի մեծ ֆինանսական եւ մշակութային իշխանություն ունեն, քան շատ երկրներ։ Բեռներս-Լին ասել է, որ ինքը հիասթափված է համացանցի այժմյան վիճակից, մանավանդ՝ անձնական տվյալների զանգվածային արտահոսքի շուրջ աղմուկից եւ սոցցանցերում ատելության տարածումից հետո՝ տեղեկացնում է Lenta-ն։

«Արդյունքում դուք ստանում եք մի ընկերություն, որը գերիշխում է այդ ոլորտում, այդ պատճառով որեւէ այլընտրանք չկա՝ փլուզումից բացի։ Գոյություն ունի խտացման վտանգ»,- նշել է Բեռներս-Լին։ Նա նաեւ ասել է, որ տեղեկատվության արագությունը եւ ճաշակների փոփոխությունը կարող են նվազեցնել տեխնոլոգիական հսկաների ազդեցությունը։