ՆԱՏՕ-ի ուժերը չեն լքի Աֆղանստանը մինչեւ 2015 թվականը: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի փոխօգնական, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների հետ կապերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Մենք չենք նախատեսում ՆԱՏՕ-ի զորքերի լիակատար դուրսբերում մինչեւ 2014թ. վերջը: Այլ խոսքով, 2015թ. հունվարի 1-ին ՆԱՏՕ-ն դեռ կլինի Աֆղանստանում»,- ասել է նա: Ըստ Ափաթուրայի, ՆԱՏՕ-ն հուսով է, որ աֆղանական ծառայություններին լիազորությունների հանձնման գործընթացը կսկսվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին եւ կշարունակվի մինչեւ 2014թ. վերջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ափաթուրայը նշել է նաեւ, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պետք է մեկ ամսվա ընթացքում հրապարակի լիազորությունների փոխանցման ժամանակացույցը: