Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը եւ Գերմանիայի ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը փետրվարի 14-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ համատեղ գործողությունների հռչակագիրը»:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համագործակցությունն ընդգրկելու է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի ոլորտները:
Հռչակագիրը նախատեսում է նաեւ ոստիկանական կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, ինչպես եւ փորձի փոխանակում` հատկապես ոստիկանների նախնական պատրաստման եւ որակավորման բարձրացման, ինչպես եւ համազորային մարտավարության բնագավառում:
Հռչակագրի ստորագրմանը նախորդել էր Հայաստանի ոստիկանության եւ Գերմանիայի ՆԳՆ պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին փաստաթղթի արդյունավետ իրականացման հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները, իսկ ստորագրման արարողությունից հետո ի պատիվ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի տրվել է ճաշ` դոկտոր Օլե Շրյոդերի անունից:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԳԴՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, ապա` Բեռլինի թիվ 34 ոստիկանական բաժանմունք: Այցելությունների ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են այդ կառույցների աշխատանքին, ինչպես եւ քննարկվել են հետագա համագործակցության եւ փորձի փոխանակման հնարավորությունները:





























