Թեհրանը սկսել է իրականացնել ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների բացասական ազդեցության հակազդեցության ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ «սխալ կլիներ ասել, որ պատժամիջոցները չեն ազդում երկրի վրա»: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նվազեցնենք սահմանափակող միջոցների բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- Tasnim-ը մեջբերում է Ջահանգիրին:

Փոխնախագահը նշել է, որ «առկա դժվարությունների հաղթահարումը հնարավոր է միայն երկրի իշխանությունների եւ բնակչության փոխգործակցության դեպքում»: «Մենք  նոր պատժամիջոցներին հակազդելու ծրագիր ունենք», - ընդգծել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում է Թեհրանի միջուկային զարգացումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միակողմանի սահմանափակումների չեղարկման դիմաց: Թրամփը խոստացել է ոչ միայն վերսկսել նախորդ պատժամիջոցները, այլեւ նորերը կիրառել, իսկ Պետդեպարտամենտն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Վաշինգտթոնը մտադիր է զրոյացնել Իրանի նավթի արտահանման եկամուտները: