«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չի քննարկվում կոալիցիոն նոր փաստաթղթի ստորագրման հարցը, որը նախանշում է կառավարող ուժերի համատեղ մասնակցությունը 2012-13թ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նա լիովին հնարավոր է համարել հավանականությունը կոալիցիոն ուժերի միջեւ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրման շուրջ, որը ենթադրում է Հայաստանի ներկայիս նախագահի թեկնածությանն աջակցում նախագահական ընտրությունների ժամանակ:
«Այո, «Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ ինչո՞ւ ոչ: Մեզ համար կարեւորն այն է, որ պետության ղեկին լինի, ուժեղ, կամային, խելացի գործիչ: Ես այդ համատեքստում այլընտրանք չեմ տեսնում Սերժ Սարգսյանին»,- ասել է Բոստանջյանը:
Հարցին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այլընտրանք չի՞ լինի գործող նախագահին, եթե առաջադրի իր թեկնածությունը, Բոստանջյանը պատասխանել է, թե չի պատասխանում ըղձական եղանակով հարցերին:
Ինչ վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման հնարավորությանը, Բոստանջյանն ասել է. «Այդ դեպքում պետք է մտածել: Բայց Ծառուկյանը բազմիցս ասել է, որ չի ցանկանում առաջադրվել նախագահական ընտրություններին»:
Նշենք, որ նոր հուշագրի շրջանառության մասին լուրերը շրջանռվում էին օրեր առաջ: Ավելին, անգամ ստորագրման կոնկրետ օր էր նշվում: Կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները նախ հաստատում, ապա նույն հաջողությամբ հերքում էին այդ լուրերը: Ներկայումս off the record զրույցներում նրանք կրկին պնդում են նման փաստաթղթի գոյության մասին եւ նշում, որ այն ստորագրվելու է փետրվարի 16-ին:




























