Ռուսաստանի ԱԳ փոխնախարար-պետքարտուղար Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 15-ին հանդիպել է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ եւ քննարկել 2 երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, քննարկվել է Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերությունները, Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարուցվող հարցերը, տարածաշրջանի լարվածության ու ռազմականացման հարցեր, խորհրդարանական միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը:

Բարձրացվել է նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես, ներկայացվել է, որ հայ-ռուսական համատեղ պետական ձեռնարկության կողմից, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու, իրականացվում են ուրանի հանքերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ, որոնք բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա: Նշվել է նաեւ, որ Ռուսաստանի կողմից սեփականություն ձեռք բերելու քաղաքականությունը կրում է գրեթե համատարած բնույթ, այնինչ ներդրումային քաղաքականությունը դեռեւս գտնվում է անբավարար մակարդակի վրա:

Հանդիպման վերջում Գրիգորի Կարասինն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ «Ժառանգության» պատգամավորների հետ հանդիպումը ցույց է տվել, որ իրապես   անհրաժեշտություն կա ընդլայնել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Պետդումայի համագործակցությունն ինչպես ռազմավարական, այնպես էլ` այլ ոլորտներին վերաբերող արդիական խնդիրների շուրջ: