Իրանի քաղաքական իրավիճակը չի խանգարի մեզ՝ առաջ տանել տնտեսական համագործակցությունը։ Այսօր մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «Լարվածություն միշտ էլ եղել է, բայց գործերն առաջ են գնացել»,- ասաց նախարարը:
Հայաստանն ու Իրանը համատեղ իրականացնում են մի շարք ենթակառուցվածքային նախագծեր՝ հիմնականում էներգետիկայի ոլորտում։ Դրանցից առավել խոշորներն են Մեղրիի ՀԷԿ-ը, Հայաստան-Իրան բարձր լարման էլեկտրահաղորդման երկրորդ գիծը, Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարը, Հայաստան-Իրան երկաթգիծը։
Մասնավորապես՝ 2011 թ. այդ նախագծերի մեծ մասը կմտնեն գործնական փուլ։ Կսկսվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, մոտ 80 տոկոսով պատրաստ կլինի էլեկտրական հաղորդման գիծը, շինարարական փուլ մտնի նավթամթերքների խողովակաշարը։ Կշարունակվի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Նախարարը նշեց, որ Իրանի հետ համագործակցությունը թույլ է տալիս դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ ապահովվածությունը ռեսուրսներով։ Օրինակ՝ Իրան-Հայաստան գազամուղը կարող է ֆորս-մաժորային իրավիճակներում ամբողջությամբ ապահովել գազի ներքին պահանջարկը։ Այդ պատճառով, ըստ նախարարի, էական չէ, թե ինչ գնով է Իրանը գազ մատակարարում, կարեւորը դիվերսիֆիկացման հնարավորությունն է։




























