Գործող ատոմակայանը շահագործումից կհանվի միայն այն դեպքում, երբ նորը կառուցված կլինի: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին մամուլի ասուլիսում նշեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հայկական գործող ատոմակայանի համար շահագործման ժամկետի ավարտ է սահմանվել 2016 թվականը, նոր ատոմակայանի կառուցումը նույնպես նախատեսված է ավարտել 2016 թ, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ 2016 թ. Հայաստանը չի հասցնի նոր ատոմակայանը կառուցել։

Այս առնչությամբ, նախարարը չբացառեց, որ նոր ատոմակայանի կառուցումը տեղի կունենա ավելի ուշ՝ 2017-ին կամ 2018-ին:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ապրիլին Երեւանում կկազմակերպվի մեծ կոնֆերանս՝ նվիրված ատոմային էներգետիկայի խնդիրներին։ Այդ կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրվել են ատոմակայանի կառուցմամբ շահագրգռված բոլոր պոտենցիալ ներդրողները։ Ա. Մովսիսյանը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կհստակեցվի ներդրողների շրջանակը։

Նշենք, որ 2010 թ. օգոստոսի 20-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ նոր ատոմակայնի միջուկային կղզյակը պետք է կառուցի «Ռոսատոմը»։

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզորությամբ ջրային էներգետիկ ռեակտորով, 60 տարվա շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացված նոր միջուկային էներգաբլոկների կառուցում: