Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում, որ «Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածը հնարավոր է վաճառքի հանվի:
«Եթե ուզում են 15-20 տոկոս IPO անել (բաժնետոմսերի տեղաբաշխում բորսայում,-խմբ), դա չի նշանակում, որ գազատարի շահագործման վրա նշանակալի ազդեցություն կլինի»,- հայտարարեց Ա. Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ գազատարի վաճառքը տնտեսական գործիք է, որը քաղաքական հետեւանքներ չի ունենա։
«Չեմ կարծում, որ վրացի մեր գործընկերները մի այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ խնդիրներ առաջանան»,- ավելացրեց Ա. Մովսիսյանը։
Նախարարն ասաց, որ գազատարի վաճառքի մասին բոլոր լուրերը գալիս են ադրբեջանական աղբյուրներից, այնինչ վրացական աղբյուրներում դրա մասին ոչինչ չի նշվում:
Նշենք, որ ադրբեջանական SOCAR ընկերությունը (Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է) Հյուսիս-Հարավ գազատարը ցանկանում է ձեռք բերել Azerbaijan-Georgia-Romanian Interconnector (AGRI) ծրագիրն իրականացնելու համար։ Այդ ծրագիրն իրականացնելու համար առնվազն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ գազատարն ապամոնտաժել։




























