Թուրք-ադրբեջանական լոբբիի հերթական գործարքի արդյունքում հնարավոր եղավ ԵԽԽՎ բյուրոյում հաստատել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների մեկնարկը, որը ժամանակին, իր կարճ գոյության ընթացքում, ապացուցել է իր բացարձակ անօգտավետությունը: Այս մասին ասված է Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեին ուղղված նամակում:
Դրանում պատգամավորը հիշեցնում է, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Վեհաժողովի բյուրոն որոշում կայացրեց` վերսկսել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները` հղում անելով 2005 թվականին Վեհաժողովի կողմից ընդունված 1416 բանաձեւին:
«Մինչդեռ, բազմիցս, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ասվել է, որ ԼՂ հակամարտության միակ ընդունելի ֆորմատը Մինսկի խումբն է եւ խնդիրը ցանկացած այլ ֆորմատ տեղափոխելը կարող է վնասել բանակցային գործընթացին: Հայաստանը եւս մշտապես պաշտպանել ու շարունակում է պաշտպանել բացառապես այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի մանդատը դա Մինսկի խումբն է եւ ուղղակի մերժելի են տարբեր փորձերը ԼՂ հիմնահարցը տեղափոխել այլ ֆորմատ»,-ասվում է փաստաթղթում:
Նամակի հեղինակն առաջարկում է մեկ նպատակ հետապնդել` ԼՂ հիմնահարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով` միջազգային իրավունքի իրավահասավար սկզբունքների հիման վրա: «Ուստի, ցանկացած այլ` ոչ կառուցողական քայլ կարող է անդառնալի վնաս հասցնել բանակցային գործընթացին: Այսինքն այն, ինչի մասին բազմիցս հայտարարել եք նաեւ դուք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նշելով նաեւ, որ կարգավորման սկզբունքներից որեւէ դրույթ առանձնացնելը չի բխում հարցի խաղաղ կարգավորման շահերից:
Իսկ դա ուղղակիորեն նշանակում է, որ ԵԽԽՎ-ում վերստեղծված ենթահանձնաժողովը, որը փորձելու է առանձնացնել կարգավորման ողջ փաթեթից որոշ դրույթներ եւ դրանք դարձնել քննարկման առարկա, չի բխելու խնդրի խաղաղ կարգավորման մեր եւ ձեր բազմիցս հռչակած մոտեցումներից:
Ուստի, այս համատեքստում ինձ համար, որպես ԵԽԽՎ պատգամավորի, տարակուսելի էր ԵԽԽՎ բյուրոյում Ֆրանսիայի ներկայացուցչի պահվածքը, որը որեւէ կերպ չփորձեց պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետը, որի անդամ է նաեւ Ֆրանսիան»,-ասվում է նամակում: Դրա հեղինակը ակնկալում է, որ այս հարցերի վերաբերյալ պատասխաններ կտրվեն:




























