Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 16-ին Երեւանում Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդայի հետ քննարկել է նախապատրաստվելիք վարկային նոր ծրագրերի ուղղություններին, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման ոլորտում բարեփոխումներին վերաբերող հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էէ եղել նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Փոխվարչապետը նշել է, որ տարածքների համաչափ զարգացման խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, եւ այդ համատեքստում կարեւորվում է մարզերում ոռոգման, խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Ա. Իհվեիդան եւս ընդգծել է մարզերում ենթակառուցվածքների զարգացման ու վերականգնման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ ՀԲ թիմի առաջիկա այցի ընթացքում կքննարկվեն եւ կհստակեցվեն իրականացվելիք նոր ծրագրերի ուղղությունները: