Հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առեւտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռեւս բավարար համարել չի կարելի, ուստի անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այս ուղղությամբ ջանքերը:

Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 16-ին Երեւանում Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները, նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:

Նախագահ Սարգսյանը եւ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին խոսել են նաեւ մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք մեր մշակութային հարաբերությունները: Այդ ոլորտում մենք մեր գործունեությունը վերջին շրջանում որոշակիորեն  ակտիվացրել ենք: Կարծում եմ, որ հրաշալի գաղափար էր դպրոցական օլիմպիադա անցկացնելը: Այն, ինչ ասաց Միխայիլ Սահակաշվիլին` վրացական համալսարաններում հայ ուսանողների կրթության  համար դրամաշնորհներ հատկացնելու հետ կապված, շատ կարեւոր է: Մենք եւս նույնն ենք անելու: Պետք է օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի երիտասարդ սերունդը շփվի: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ժողովուրդները հազարամյակներ շարունակ բարեկամություն են արել, եւ մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ ավանդույթները մի փոքր էլ ընդլայնենք ու փոխանցենք գալիք սերունդներին»,-ասել է Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ Նիկոլոզ Գիլաուրին Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների կառավարությունների միջեւ փոխգործակցության ամբողջ շրջանակը:

Վրաստանի վարչապետը ՀՀ նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու վերահաստատել Վրաստան այցելելու Միխայիլ Սահակաշվիլիի հրավերը: