Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների նիստին: Նա այս մասին լրագրողներին հայտնել է ռուս գործարարների հետ հանդիպումից հետո, հայտնում է Accent TV-ն:
«Դեկտեմբերի 6-ին կլինենք Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների նիստին, որտեղ մեզ հրավիրել են որպես դիտորդ»,- ասել է Դոդոնը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Մոլդովայի եւ Ռուսաստանի որոշ շրջանների միջեւ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում: Սա արվում է մոլդովական ապրանքների ուղիղ մատակարարման պիլոտային նախագիծը գործարկելու համար: Նախատեսվում է նաեւ «Արտադրված է Մոլդովայում – արտադրված է Ռուսաստանի համար» ապրանքանիշի գործարկում, որի ներքո մոլդովական արտադրանքը կվաճառվի ռուսական խանութներում: Առաջինը այն կփորձարկեն Բաշկիրիայում:
Մոլդովան համագործակցության մասին հուշագիր է ստորագրել եւ ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել երկրի նախագահի դիմումի հիման վրա:





























