Վրաստանի նախագահի առաջ քաշած «Միասնական Կովկաս» ծրագրի իրականացումը քիչ հավանական է, քանի որ կովկասյան պետություններից մի քանիսը չլուծված խնդիրներ ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կովկասի ինստիտուտ»-ի փորձագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, ներկայումս գոյություն ունեն խնդիրներ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ քանի որ այդ ծրագրի մեջ չի նախատեսվում Իրանի եւ նույն Ռուսաստանի ներգրավվածությունը, ապա քաղաքական իմաստով այդ գաղափարը լուրջ իմաստ չի ստանա:
Նա նաեւ նշեց, որ եթե ծրագիրը դիտարկենք տնտեսական դաշտում, ապա հնարավոր է տնտեսական ինտեգրացիա` երկկողմ հարաբերությունների մակարդակով: Օրինակ`Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Թուրքիա, սակայն ոչ ընդհանուր, բազմակողմ տնտեսական դաշտում: «Եթե այդ ծրագիրը չի մնալու քաղաքական «փիառ»-ի դաշտում, ապա առավելագույնը, ինչ կարելի է ակնկալել այդ ծրագրից, դա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մի քիչ ավելի պարզեցված եւ հեշտացված տնտեսական եւ հաղորդակցական հարաբերությունների ստեղծում է, ինչի արդյունքում Վրաստանի միջոցով Հայաստանը ավելի հեշտությամբ կկապվի արտաքին աշխարհին»,-նշեց փորձագետը:
Նա նաեւ հավելեց, որ Վրաստանի նախագահը նման նախաձեռնության մասին հայտարարելով գուցե իր երկրի շահերն է փորձում առաջ քաշել եւ ենթագիտակցորեն իրեն պատկերացնում է Կովկասի կենտրոնում` ակնկալելով, որ բոլոր ինտեգրացիոն միջոցառումները տեղի կունենան Վրաստանի միջոցով:
«Պրպագանդիստական առումով գուցե Վրաստանի նախագահի հայտարարությունը արդարացված է, սակայն իրագործման առումով այնքան էլ չի համապատասխանում առկա քաղաքական իրողությանը»,-հայտարարեց «Կովկասի ինստիտուտի» փորձագետը:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս «Միրավորված Կովկաս» ծրագրի վերաբերյալ հարցեր էին քննարկել։ Վրաստանի նախագահի խոսքով, բաց սահմանները Կովկասի ժողովրդի համար շատ կարեւոր հանգամանք են ոչ միայն տնտեսական եւ մշակութային, այլեւ մարդկային հարաբերությունների առումներով, եւ որ Վրաստանը կարող է ամբողջ Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի համար կարեւոր տնտեսական օղակ դառնալ։





























