Բելառուսը չի աջակցի ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման գործող նորմատիվների ժամկետի հերթական երկարաձգման առաջարկին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գործող նորմատիվների ժամկետի հերթական երկարաձգման առաջարկը Բելառուսին բացարձակապես ձեռնտու չէ, իհարկե՝ մենք չենք կարող աջակցել: Սա նախապես մեր երկրին անհավասար պայմանների մեջ կդնի, ուստի խնդրում եմ առավելագույն ջանքեր ներդնել բոլորի համար արդարացի որոշման հասնելու համար»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ «այն բոլորին հասկանալի է»:

«Այս հարցում, հավանաբար, պետք է քիչ քաղաքականություն լինի, շատ տնտեսություն»,- ասել է նա: Այսպիսով, նրա խոսքով, ինչպես նախկինում բաց է մնում ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նորմատիվների հաշվարկի հարցը:

«Այս թեման երկար է քննարկվել մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում,- հիշեցրել է նա: - Պետությունների ղեկավարները պայմանավորվել էին, որ ֆինանսների նախարարները, այնուհետեւ դուք [վարչապետները] մինչեւ դեկտեմբեր կաշխատեք մաքսատուրքերի տեղաբաշխման մեթոդիկայի վրա եւ արդեն արդյունքների մասին կզեկուցեք»:

2017 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված արձանագրրությամբ որոշվել էին Միության անդամ յուրաքանչյուր պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նորմատիվները: Դրանք հաստատվել էին հետեւյալ չափերով. Հայաստան՝ 1,22 տոկոս, Բելառուս՝ 4,56 տոկոս, Ղազախստան՝ 7,055 տոկոս, Ղրղզաստան՝ 1,9 տոկոս, Ռուսաստան՝ 85,265 տոկոս: 2018-ի մայիսի 14-ին Սոչիում ստորագրված եւս մեկ արձանագրությամբ գործող նորմատիվների կիրառման ժամկետը երկարացրել էր մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

ԵՏՄ-ին Ղրղզստանի միավորման ժամանակ վիճակագրական տեղեկությունների բացակայության պատճառով ներմուծման մաքսատուրքերի տեղաբաշխման նորմատիվները ժամանակավորապես էին հաստատվել մինչեւ 2018 թվականի օգոստոս: Սակայն այս ժամկետում երկրների իրավասու մարմինները չէին կարողացել համաձայնության հասնել, քանի որ ինչպես նախկինում Ղրղզստանի հարցում վիճակագրական տեղեկություններ չեն եղել: Ուստի որոշվել էր հաստատված նորմատիվների ժամկետը երկարացնել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31: