2008 թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը Հայաստանում փաստացի ռազմական դրություն չկար եւ չէր էլ կարող լինել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27- ին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կենտրոնական դեր է խաղում այն արտահայտությունը, որ 2008 թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը Հայաստանում փաստացի սահմանված է եղել ռազմական դրություն, ինչը նշանակում է, որ Հայաստանում փաստացի գործում էր ռազմական դրության վիճակ: Մեր փաստարկն այն է, որ փաստացի ռազմական դրություն չկար եւ չէր էլ կարող լինել: Մեղադրանքի մեջ նկարագրվում է նաեւ, որ, իբր Մարտի 1-ի ցույցը, որն, ինչպես գիտեք, ցրվել է ուժի կիրառմամբ, մեղադրանքի մեջ նկարագրված է, որ ցույցը եղել է խաղաղ եւ անզեն»,- ասաց նա։
Ալումյանը նշեց, որ պաշտպանական կողմը վկայակոչել է տասնյակից ավելի ուժի մեջ մտած դատական ակտեր, որտեղ գրված է, որ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը: Փաստաբանի գնահատմամբ՝ այդ դատավճիռները կասկածի տակ կարող է դնել միայն այն անձն, ում նկատմամբ կայացվել է տվյալ վճիռը, իսկ պետությունն ըստ Ալումյանի՝ իր անունից կայացված դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի դեռ այն օրինական ուժի մեջ է։ «Քննչական մարմինը այդ դատավճիռներն է կասկածի տակ դրել՝ մեղադրանքում նշելով դրանց ուղղակիորեն հակասող փաստարկներ»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 27- ին, վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:











